Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը պարգևատրման արարողության ժամանակ

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը պարգևատրման արարողության ժամանակ
27.09.2015 | 01:17

«Հարգելի պարգևատրվածներ,
Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ: Ձեզնից յուրաքանչյուրի ներդրումը համազգային նշանակության այս գործում, իրոք, մեծ է: Շնորհակալ եմ ձեզ մեր կոչին անսալու և ողջ աշխարհին հասանելի դարձած միջոցառումներին սատարելու համար:
2015 թվականը բացառիկ տարի է բոլորիս համար: Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը նախանշել և իրականացրել է միջոցառումների հսկայական շարք ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Այդ միջոցառումների աշխարհագրության, ընդգրկուն ծավալի և որակի մասին, կարծում եմ, կարիք չկա մեկ անգամ ևս խոսելու:
Իմ գնահատականը հետևյալն է. մենք՝ որպես պետություն և որպես աշխարհասփյուռ հայություն, պատվով հանձնեցինք այս քննությունը: Մենք պատշաճ մակարդակով և իրապես բարձր հնչեղությամբ տեղ հասցրինք մեր ուղերձը: Նաև աշխարհին ներկայացանք որպես վերածնված և մեծ ներուժ ունեցող ազգ, որ քայլում է քաղաքակրթությանը համընթաց: Համաշխարհային հանրությունը վկան եղավ հայության արժանապատիվ ու բացառիկ միասնական կեցվածքի: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացն արձանագրեց նոր՝ ավելի բարձր մակարդակ:
Դա հնարավոր եղավ Հայաստանի Հանրապետության և համայն հայության ուժերի և հնարավորությունների համախմբման շնորհիվ: Մենք բոլորս միասին մեր գործով վերահաստատեցինք այն հավերժական ճշմարտությունը, որ հայերի միասնականությունը կարող է լուծել շատ բարդ խնդիրներ: Իսկ եթե բոլորս համախմբվենք, մենք որևէ անլուծելի խնդիր չենք կարող ունենալ:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց մասնակցությունը բերեցին այդ կարևոր գործին: Անձամբ ես այնպիսի տպավորություն ունեմ, որ աշխարհում չգտնվեց մի հայ, որ անմասն մնար այս միջոցառումներին սատարելուց՝ լինի բարերար կամ արվեստագետ, նվիրատու կամ լրագրող, ցուցարար կամ դիվանագետ, կամավոր կամ պաշտոնյա, գիտնական կամ հոգևորական: Մենք արեցինք այն, ինչը մեր պարտքն էր: Եվ անելու ենք այնքան, քանի դեռ մենք մեր պարտքերը չենք վերադարձրել մեր Սուրբ նահատակների հիշատակի առջև:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում հետագա հաջողություններ: Մենք տարին չենք ավարտել և նույնիսկ տարին ավարտելով՝ մենք չենք ավարտելու մեր աշխատանքը:

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ